30 հունվարի 2024 - 18:03 AMT
Մարության․ Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարել ենք 2018-ին

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանն Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային լսումների ընթացքում հայտարարել է, որ հայտնվել ենք նույն տաշտակի առաջ և պայքար ենք մղում մեր կանաչ տարածքների համար։

«Ուզում եմ արձանագրել, որ 2018-ից վեց տարի անց նորից հավաքվել ու զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին բոլորս հավաքվել ու հեղափոխություն էինք իրականացնում ՀՀ-ում։ Այսինքն՝ փաստացի այդ բոլոր երազանքներն ու նպատակները, որ մենք դրել էինք 2018-ին՝ արագ հօդս ցնդեցին, ու նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել ու պայքար ենք մղում մեր կանաչ տարածքների համար այս դեպքում, տարբեր կետերում տարբեր խնդիրների շուրջ։ Մինչդեռ 2018-ին թվում էր, թե բոլոր այս խնդիրները քայլ առ քայլ կսկսվեն ուղղվել»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Ըստ Հայկ Մարությանի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության դիրքորոշումն է այն, որ բոլոր այն հանրային կանաչ տարածքները, որ դեռ պատկանում են համայնքին, դեռ սեփականաշնորհված չեն, պետք է մնան հանրությանը։

«Կներեք՝ 50-99 տարով վարձակալությունը սեփականության պես մի բան է»,–ասել է նա։

Ըստ նրա՝ այն հույսով, որ մասնավորը մի երկու ծառ կտնկի այդքան երկար վարձակալության տալն անընդունելի է։ Հայկ Մարությանի համոզմամբ՝ դա համայնքը պիտի անի, մանավանդ, որ երևանցին արդեն զգում է իր վրա գույքահարկի թանկացումը, հետևաբար պետք է այդ գումարի էֆեկտը զգա։

Խոսելով այն մասին, թե Երևանում թենիսի կորտերի փոխարեն ինչ է առաջարկվում՝ Մարությանն ասել է․ «Ամֆիթատրոն, շինություններ․ այն, ինչ ես տեսել եմ, խայտառակություն է, տալ, որովհետև երկու ծա՞ռ են տնկելու։ Դա աբսուրդ է»։

Մարությանն ուրախ է, որ վերականգնվում է ակտիվ քաղաքացու ինստիտուտը, որը խեղդվել էր։

«Մեր թիմը ոնց պայքարել է 10,15,6 տարի առաջ անգամ հեղափոխությունից հետո, ոնց պայքարել ենք, նույն ձև պայքարելու ենք ամեն քաղաքացու համար, բոլոր հանրային շահերի համար։ Մենք խնդիր չունենք։ Եթե պետք լինի, մենք փողոց էլ ենք դուրս գալու, պետք լինի բուլդոզերների տակ էլ ենք պառկելու։ Միակ բանը, որ փոխվել է մեր թիմի մոտ, տարիքն է․ մի քիչ ծերացել ենք։ Բուլդոզերի տակ որ պառկենք, մեջքներս կցավա, հուսով եմ, որ մեր երիտասարդները մեզ կօգնեն, կբարձրացնեն ու կշարունակենք մեր պայքարը»,–ասել է նա։

Ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Օղակաձև այգու՝ ԵՊՀ–ի դիմացի կորտերը քանդվելու են ու թենիսի ակումբը տեղափոխվելու է։ Նա ասել էր, թե թենիսի կորտերն Օղակաձև այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։