30 հունվարի 2024 - 18:04 AMT
ԿԲ նախագահ. ՀՀ–ում գնաճը միջնաժամկետում կկայունանա 4%-ի շուրջ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ում գնաճը միջնաժամկետում կկայունանա 4 տոկոս ցուցանիշի շուրջ։

«2023թ. դեկտեմբերին 12–ամսյա գնաճը նվազել է 0.6 տոկոսով։ Դրամավարկային նախանշված սցենարում 12–ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա 4 տոկոս ցուցանիշի շուրջ»,– նշել է Գալստյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` երկրում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է, որն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ։

Ըստ ԿԲ նախագահի` առաջիկայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ։

Ինչ վերաբերում է տնտեսական ակտվությանը, ապա այն 2023 թ. 4–րդ եռամսյակում ՀՀ–ում պահպանել է իր բարձր տեմպը, որին շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի աճը։

Գալստյանը նաև տեղեկացրել է, որ արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության տեմպի նվազման հաշվին, փոխարենը ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր հիմնականում արտահայտվելով մասնավոր սպառման բարձր աճով։