31 հունվարի 2024 - 12:35 AMT
ՌԴ քաղաքացիները 2023–ին մոտ 900 ընկերություն են բացել ՀՀ–ում

Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2023 թվականին գրանցվել է 891 ընկերություն։ Այդ մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Այդ ընկերություններից գործունեությունը դադարեցրել է 5-ը։

Բացի այդ, 2023–ին ՌԴ 3857 քաղաքացի գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Նրանցից 221-ը հետագայում դուրս է եկել հաշվառումից։

ՌԴ-ի քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 225 ընկերություն, որից 2-ը հետագայում լուծարվել է։ Նույն թվականին գրանցվել է 201 ԱՁ, որից 21-ը հաշվառումից դուրս է եկել։

2022 թվականին ՌԴ-ի քաղաքացիների մասնակցությամբ գրանցվել է 2285 ՍՊԸ (լուծարվել է 32-ը) և 4961 ԱՁ (հաշվառումից դուրս է եկել 707-ը):

Արդարադատության նախարարությունից նաև նշել են, որ տիրապետում են միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների մասին տեղեկությունների։ Բաժնետիրական ընկերության բաժնետերերի և առևտրային կոոպերատիվի մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը չի տիրապետում: