31 հունվարի 2024 - 14:51 AMT
«Անահիտ դիցուհու» դիմաքանդակն առաջին անգամ Լոնդոնից Երևան կբերվի

2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանի գլուխը, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև։

Արձանային մասունքը հայտնաբերվել է 1873 թվականին պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում (ներկայումս՝ Սադակ, Գյումյուշհանեի մարզ, Թուրքիա)։ Թվագրվում է մ․թ․ա․ 2-4-րդ դարերով։ Հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։