6 մայիսի 2009 - 13:30 AMT
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում
ԱՄՆ-ում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԱՄՆ նախագահի խորհրդականը քննարկեցին հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրներ:

Գեներալ Ջոնսը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին եւ այդ ենթատեքստում կարեւոր ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում: Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ: Գեներալ Ջոնսը աջակցություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման ուղիներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: