Երևանում կկառուցվի բժշկական նոր կենտրոն՝ նոր ստանդարտներով, վերջին սարքավորումներով։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Դետալները քննարկվել են, միջազգային ֆինանսական գործընկերների շրջանակը նույնպես հասկանալի է, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Ավինյանը ընդգծել է, որ սա կարևոր ծրագրերից մեկն է, որ քաղաքապետարանը պարտավորվել է իրականացնել։
Նշվել է, որ հունվարի 1-31-ը 1-03 հեռախոսահամարին զանգել են 94 հազար 609 անգամ, որից 73 հազար 65 անմիջապես միացել են, մնացածը չեն կարողացել առաջին անգամից միանալ, դա եղել է այն պահին, երբ բոլոր օպերատորները զբաղված են եղել։ Սակայն երկրորդ կամ հազվադեպ երրորդ անգամից միացել են, որը տևել է վայրկյաններ։
Նշվել է, որ որակյալ սպասարկում ապահովելու նպատակով 1-03 հեռախոսահամարին մուտքային զանգերին պարտադիր կերպով արձագանքելու համար ավելացվել է օպերատորների թիվը: Դրա շնորհիվ հունվարի 31-ին, փետրվարի 1-ին և 2-ին բաց թողնված զանգեր ծառայությունը չի ունեցել: