Փետրվարի 7–ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում արդեն 29–ը տարի իշխող Իլհամ Ալիևը ստացել է քվեների 92.5%–ը։ Մշակվել է քվեարթերթիկների 93.35%–ը, հայտարարել է այդ երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։
Ալիևի օգտին է քվեարկել 4,971,032 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76․73 տոկոսը, հայտնում է Haqqin.az-ը։
Ալիևն արդեն շնորհավորանքներ է ընդունում։ Նշվում է, որ exit-poll–ի արդյունքների հրապարակումից հետո բազմաթիվ բաքվեցիներ դուրս են եկել փողոց՝ տոնելու Ալիևի հաղթանակը։
Մյուս 6 թեկնածուի շրջանում ոչ ոք 2 տոկոսից ավելի չի հավաքել։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 76․73%։ Ադրբեջանական սակավաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցները հաղորդել են լցոնումների և այլ ընտրախախտումների մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի մյուս անդամները քվեարկել են ադրբեջանական ագրեսիայի և հայերի էթնիկ զտման արդյունքում ամայացած Ստեփանակերտում, որտեղ ընտրատեղամաս է բացվել։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիևի քվեարկությանն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայաթափված Ստեփանակերտում, նշել է, որ Ալիևը քվեարկել էմի քաղաքում, որտեղ երբեք գրանցված չի եղել և իրավունք չուներ քվեարկելու, ըստ ադրբեջանական օրենսդրության։