8 փետրվարի 2024 - 13:54 AMT
Վարչապետը խոսել է մոդուլյար էներգաբլոկի առավելության և մասնագետների պակասի մասին

Կառավարությունն առաջարկում է միջուկային և ճառագայթային վարչությունների տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ։ Համապատասխան նախագիծը քննարկվել է կառավարության հերթական նիստում։

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը կարևոր է նրանով, որ մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր ենք դրել։ Այստեղ էլ վաղը, մյուս օրը բախվելու ենք մի իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետև չունենք մասնագետներ։ Արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք»։

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը քննարկումների մեջ է, թե ինչ տիպի ատոմային էլեկտրակայան պետք է կառուցվի Հայաստանում, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ մոդուլյար ատոմային էլեկտրակայաններում վթարի դեպքը համարվում է լոկալ միջադեպ։

«Եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայան է կառուցված, և դրա մոտակայքում կա բնակավայր, ու, երբ այդ էլեկտրակայանում տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այդ վթարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում և, ըստ էության, այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է։ Կարծում եմ, որ մեր հետագա քննարկումների ժամանակ թեմայի մանրամասներին տիրապետելու ենք, բայց, կարծում եմ, որ սա մի տեղեկատվություն է, որը կառավարությունը պետք է իմանա, և Հայաստանի քաղաքացին պետք է իմանա։ Բոլոր դեպքերում, առավելևս, միջուկային էներգետիկայի պարագայում անվտանգությունը շատ կարևոր է»,- եզրափակել է վարչապետը։

2023-ի մայիսին հայտարարվեց, որ Միացյալ Նահանգները դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Սակայն, ըստ փորձագետների, մոդուլային ռեակտորները չեն կարող այլընտրանք լինել ՀԱԷԿ-ին։