14 փետրվարի 2024 - 11:13 AMT
Բորել․ ՀՀ կողմից կրակոցը ցավալի էր, բայց Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ էր

Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի միջադեպին, ասել է, որ Ադրբեջանն անհամաչափ գործողություններ է ձեռնարկել սահմանին։

«Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր, բայց, կարծես, Ադրբեջանի արձագանքն էլ դրան անհամաչափ էր, այն անտեսեց Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպը կհետաքննվեր Հայաստանի կողմից», - ասել է Բորելը, հայտնում է «Ազատությունը»։

Խոսելով երկկողմ օրակարգից՝ Բորելը հայտարարել է, որ Երևանի ու Բրյուսելի հարաբերություններն այս պահին ավելի ամուր են, քան՝ երբևէ, և կողմերը հետաքրքրված են՝ առաջ շարժվելու ավելի հավակնոտ օրակարգով, ինչի մասին նաև Հայաստանի վարչապետն էր հայտարարել անցած տարի Եվրոպական խորհրդարանում։

Սկսվելու են աշխատանքներ «համագործակցության նոր, ավելի հավակնոտ օրակարգի վրա»։

«Այս համատեքստում այսօր մենք որոշեցինք սկսել աշխատանքներ համագործակցության նոր, ավելի հավակնոտ օրակարգի վրա։ Այս որոշումը մեզ դրդում է երկկողմ փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերություններում հասնել ռազմավարական փուլի։ Մենք կապահովենք ավելի հստակ ճանապարհային քարտեզ ու տեսլական առաջ շարժվելու համար։ Ապագան սկսվում է այսօր», - ասել է Բորելը:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև շնորհավորել է հայկական կողմին Հռոմի ստատուտին միանալու կապակցությամբ։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։