15 փետրվարի 2024 - 12:30 AMT
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ջերմուկ՝ 2022–ին տուժած հատվածներ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ։

Պատվիրակությունն այցելել է նաև 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի հատվածներ։

Տեղի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը, հայտնում է Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը։

Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ փետրվարի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: