6 մայիսի 2009 - 19:33 AMT
Հայաստանը «Արեւելյան գործընկերությունից» ակնկալում է զուգորդված անդամության մասին համաձայնագիր
«Քաղաքական տեսակետից Հայաստանը «Արեւելյան գործընկերությունից» ակնկալում է զուգորդված անդամության մասին համաձայնագիր, որի ստորագրումից հետո միայն մի քայլ կմնա մինչեւ մուտքը ԵՄ, բայց մենք իրատես ենք եւ գիտենք, որ դեռեւս պատրաստ չենք մտնել ԵՄ, նույնպես եւ ԵՄ-ն պատրաստ չէ ընդունել մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: Նրա խոսքով, «ի տարբերություն մեր որոշ հարեւանների մենք հասկանում ենք դա, ուստի ավելի քան տաս տարի հնարավորության չափով ջանում ենք համագործակցել Եվրամիության եւ ԵՄ առանձին անդամ երկրների հետ»:

«Արեւելյան գործընկերության» միջոցով մենք փորձում ենք քաղաքական երկխոսություն հաստատել այլ երկրների հետ, զարգացնել տնտեսությունը, դառնալ ազատ առեւտրի գոտի: Դա շատ մեծ առավելություն է, թեեւ այդ ամենը կախված է յուրաքանչյուր երկրի առաջընթացից, եթե մենք նրանց համար հուսալի գործընկերներ լինենք, ապա բոլոր այդ հարցերը շատ ավելի հեշտությամբ կլուծվեն»,- հայտնել է նա:

Մայիսի 7-ին Պրահայում կկայանա «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթաժողովը, որի աշխատանքին կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: