16 փետրվարի 2024 - 11:36 AMT
Ապրիլի 15-ից ArCa հավելվածով գործառնությունները կդադարեցվեն

Ապրիլի 15-ից ArCa հավելվածով գործառնությունները կդադարեցվեն: Այդ մասին ասվում է «Արմենիան Քարդ» ընկերության տարածած հայտարարության մեջ։

Մինչ այդ, անհրաժեշտության դեպքում, կարելի է պահպանել վճարումների տվյալները, արտահանելով դրանք կաբինետի WEB տարբերակի համապատասխան բաժիններից, ինչպես նաև դուրս գրել պարբերական վճարների / փոխանցումների, շահառուների տվյալները՝ այլ հարթակներում դրանք հետագայում գրանցելու նպատակով:

«Հավելվածը մուտք գործեց շուկա 2019 սկզբին՝ որպես մինչ այդ գործող «Վիրտուալ քարտերով» վճարումների համակարգի զարգացման հաջորդ փուլ, և այն ժամանակ շուկայի կողմից սպասված և պահանջված լուծում էր, որն ապահովում էր շուկայում նոր կիրառական փորձառություն և ծառայությունների մի շրջանակ, որն այդ պահին քիչ թվով մասնակիցներին էր հասանելի:

Ըստ էության, arca.am հավելվածը դարձավ նախատիպ և խթան՝ բանկերի կողմից սեփական հավելվածների մշակման և զարգացման համար, և դրանով իսկ մենք կարող ենք հաջողված համարել մեր առաքելությունը։

Այս պահին շուկայում առկա են բազմաթիվ լուծումներ, որոնք ծածկում են, որոշ առումներով նույնիսկ գերազանցում են ծառայությունների շրջանակը, որն առկա է մեր հավելվածում։

Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, կենտրոնանալու է իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։

Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով գործառնությունները։

Շուտով ներկայացնելու ենք նոր, ժամանակակից պրոդուկտներ մեր գործընկեր բանկերի համար՝ շարունակելով զարգացնել վճարումների և փոխանցումների ոլորտը Հայաստանում»,–ասվում է հայտարարության մեջ։