6 մայիսի 2009 - 20:11 AMT
Վրացական ընդդիմությունն ի զորու է արգելափակել երկրի սահմանային ՀԱԿ-երը
Վրացական ընդդիմությունն իսկապես ի զորու է արգելափակել երկրի սահմանային հսկիչ-անցումային կետերը, եթե Միխայիլ Սահակաշվիլին չկատարի իր տված խոստումը: Բայց ընդդիմությունն այդ գաղափարի իրականացման համար առայժմ քայլեր չի ձեռնարկում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է վրացի քաղաքագետ, Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար Պաատա Զաքարեշվիլին: «Երեկվա իրադարձություններից հետո վրաց ընդդիմությունը որոշել է ժամանակավորապես հետաձգել այդ գաղափարի իրագործումը: Ինձ թվում է, որ ընդդիմության առաջնորդները կհրաժարվեն այդ գաղափարից, քանի որ ՀԱԿ-երի արգելափակումը կվնասի մեր հարեւան երկրներին»,- ընդգծել է Պաատա Զաքարեշվիլին:

Վերջերս վրաց ընդդիմության առաջնորդներից Գուբազ Սանիկիձեն հայտարարեց, որ ընդդիմության կողմնակիցները կսկսեն արգելափակել Վրաստանի բոլոր սահմանային հսկիչ-անցումային կետերը, եթե Միխայիլ Սահակաշվիլին չկատարի իր խոստումը` մինչեւ մայիսի 11-ը հրաժարական տալ: «Մենք ներողություն կհայցենք Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, մյուս երկրներից, որոնք չեն կարողանա փոխադրումներ իրականացնել Վրաստանով»,- երկուշաբթի օրը Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց կայացած տեղեկատվական ցույցին հայտնել է Սանիկիձեն: