17 փետրվարի 2024 - 15:10 AMT
ՀՀ–ն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Մյունխենում ընթացող համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ: