19 փետրվարի 2024 - 18:16 AMT
Այվազովսկու «Լուսնկա գիշերը» վաճառվել է 92 մլն ռուբլով

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աճուրդի կազմակերպիչներին։ Սակարկությունը տեղի է ունեցել փետրվարի 18–ին Մոսկվայի աճուրդի տանը։

Կոստանդնուպոլսի առափնյա հատվածը պատկերով 1878 թ․ կտավը աճուրդի գլխավոր լոտն էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կտավի նախնական գին էր հայտարարված 100 մլն ռուբլին։

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: