6 մայիսի 2009 - 20:57 AMT
Վրաստանում դրությունը շարունակում է լարված մնալ
Վրաստանում դրությունը շարունակում է լարված մնալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է վրացի քաղաքագետ, Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար Պաատա Զաքարեշվիլին: «Այսօր իրադրությունը Թբիլիսիում համեմատաբար հանգիստ էր: Երեկ ձերբակալվել են վրացական ընդդիմության ավելի քան 15 անդամներ: Ձերբակալություններն ու հետախուզությունը շարունակվում է»,- հաղորդել է վրացի քաղաքագետը: Նա ավելացրել է, որ մայիսի 7-ին ընդդիմությունը կվերսկսի բողոքի ցույցերը: «Ընդդիմությունը պատրաստվում է արգելափակել մայրաքաղաքի գլխավոր փողոցները, ինչպես նաեւ պիկետ անցկացնել Վրաստանի Հանրային հեռուստատեսության շենքի դիմաց: Վերջին ժամանակներս Վրաստանում շատ դժգոհ են ոչ ադեկվատ տեղեկատվությունից, որը տարածում է երկրի հանրային հեռուստատեսությունը»,- ընդգծել է վրացի քաղաքագետը:

Վրաստանում ռազմական խռովություն է կանխվել եւ ձերբակալվել են դրա կազմակերպիչները` Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակիցները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ութիաշվիլին: Նրա խոսքով, երկրում բացահայտվել է դավ, որի նպատակը «առնվազն ՆԱՏՕ-ի զորավարժությունների ձախողումն էր, առավելագույնը` ռազմական հեղաշրջում»: Խռովության կազմակերպիչները կապեր ունեին Ռուսաստանի հետ, նշել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչը: