ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar ընկերությունը 2024-2025 թվականներին Ադրբեջանում ուսումնափորձարարական ու վերանորոգման կենտրոն է բացելու։ Այդ մասին պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլսիում։
Ալիևն ասել է նաև, որ իր երկրի ԶՈւ հրամանատարությունը լիարժեք յուրացրել է գործողությունների պլանավորման և վարման թուրքական չափանիշները, գրում է Haqqin.az-ը։
Նշվել է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն տարի առնվազն 10 համատեղ զորավարժություն են անցկացնում։
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Թուրքիայից Akıncı հարվածային ԱԹՍ-ներ է գնել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այցելել է ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ և հետևել այդ անօդաչուների գործարկմանը և թռիչքներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։