«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ էականորեն նվազել է նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու ցանկությունը։
Նա նշել է, որ կառավարության, ԱԺ գործընկերները ևս ընդունել են, որ տնտեսության այս ճյուղը՝ կառուցապատումը, հանդիսանում է լոկոմոտիվ, գրում է Aysor.am-ը։
«Այն ռազմավարական և անվտանգային բնույթի տնտեսական ճյուղ է՝ հաշվի առնելով տնտեսության այս ճյուղի դերը հարկաբյուջետային համակարգում, ՀՆԱ-ում»,-ասել է նա։
Գուրգեն Գրիգորյանը նշել է, որ Երևանի ավագանու կողմից որոշումների մասով իրենք որպես մասնագիտական հանրույթ բողոքները և մտահոգությունները ներկայացրել են։
«Մենք բարձրաձայնել ենք այն վտանգների մասին, որոնք, մեր պատկերցումներով, պետտուրքերի բարձրացումից հետո իրականություն կդառնան»,-ասել է նա՝ նշելով, որ անթույլատրելի է խաղի կեսից կանոնների փոփոխությունը։
«Մեր կողմից կատարված ուսումնասիրություններով՝ մինչև 2023թ.-ի տարեվերջ նախկինում սկսված քաղաքաշինական ծրագրերը նորմալ տեմպերով ընթացք են ունեցել, սակայն 2023թ.-ի երկրորդ կեսից սկսած՝ նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի առումով եղել է տեմպերի նվազում։ Իսկ հունվարից էականորեն իջել է նոր սկսվող քաղաքաշինական ծրագրերի՝ այսինքն՝ ապագա ծրագրեր իրականացնելու ցանկությունը՝ բիզնես ծրագրի միջավայրում։ Տասնապատիկ ավելի քիչ է նախաձեռնվելու, քան մինչ այս իրականացվել է»,-ասել է նա։
Ընթերցեք նաև․ Բնակարաններն առաջիկայում 10-15%-ով կթանկանան. Պատճառը շինթույլտվությունների դրույքի բարձրացումն է