6 մայիսի 2009 - 21:02 AMT
Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ալյանսի գլխավոր քարտուղարի հայտարարության պատճառով
Վրաստանում ՆԱՏՕ-ի վորավարժություններին չմասնակցելու մասին Հայաստանի որոշումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հյուսիսատլանտյան ալյանսի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերի վերջերս կատարած հայտարարությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բոլոր միջազգային չափանիշներից ու նորմերից մատնանշեց միայն տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Ինչպես ընդգծել է Սեյրան Օհանյանը, միջազգային կազմակերպությունները, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խումբը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, մատնանշում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը` ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ազգի ինքնորոշման եւ ուժի չկիրառման:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: