26 փետրվարի 2024 - 15:03 AMT
Ուրալօղլու. «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրումների ծավալը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռափոխադրումների ծավալը։ Այդ մասին նա ասել է TRT Haber-ին։

Նա նաև նշել է, որ կա այլընտրանք՝ ընդգծելով «Զանգեզուրի միջանցքը» Իրանի տարածքով անցնելու հնարավորությունը, հայտնում է «Ազատությունը»։

Ուրալօղլուն հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը։

Բաքուն ցանկանում է «Զանգեզուրի միջանցքով» առանց մաքսակետերի տեղադրման ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Պաշտոնական Երևանն էլ Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

2023-ի վերջում Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։