29 փետրվարի 2024 - 11:26 AMT
ԵԽ կոչը ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց՝ կոչ անելով ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Զեկույցներից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է արվում.

Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:

Պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները»,–ասվում է գրառման մեջ։

Հունվարին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։