7 մայիսի 2009 - 12:59 AMT
Թուրքիայի հետ սահմանի բացումով Հայաստանի տնտեսությունը զարգացման նոր խթան կստանա
Եթե նույնիսկ ոչ մի տնտեսական առավելություն հայ-թուրքական սահմանի բացումից չլիներ, անհնար է պատկերացնել, որ երկու հարեւան երկրները նորմալ հարաբերություններ չունեն, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի ֆինանսավարկային, բյուջետային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքերով, տնտեսական տեսակետից սահմանի բացումը դրական շատ բան կտա: «Ներքին շուկայում կբարձրանա մրցակցության մակարդակը եւ դրանից առաջին հերթին կշահի մեր սպառողը»,-ասել է նա: Մինասյանը վստահեցրել է, որ հայկական տնտեսությունը նոր խթան կստանա զարգացման համար: «Ես գիտեմ, որ այս հարցում մենք շատ հոռետեսներ ունենք, սակայն ես խորհուրդ կտայի հիշել այն իրավիճակն, որը կար Հայաստանում, երբ 15-17 տարի առաջ մենք բացեցինք սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,-հավելել է նա:

Այս առնչությամբ Մինասյանը հիշեցրել է, որ այն տարիներին նույնիսկ պաղպաղակը Հայաստանն Իրանից էր ներմուծում: Իսկ հայ-թուրքական սահմանի բացումը թույլ կտա հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, ինչպես դա արվում է աշխարհի բազում երկրների միջեւ»,-ասել է Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Գ.Մինասյանը: