2 մարտի 2024 - 15:59 AMT
Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին և փոխոստիկանապետին է փոխանցել Ավինյանի և ՆԳ նախարարի նամակները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոս Անջելես մեկնարկեց պաշտոնական հանդիպումներով՝ նա Լոս Անջելեսի քաղաքապետին և փոխոստիկանապետին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՆԳ նախարար Վահե Ղազարյանի նամակները, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Այցի առաջին օրը դեսպան Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Դեսպան Մակունցը քաղաքապետ Բասսին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի նամակը՝ երկու քաղաքների միջև համագործակցությունը խթանելու վերաբերյալ։ Զրուցակիցները պայմանավորվել են կապի մեջ դնել քաղաքապետարանների ներկայացուցիչներին՝ փոխգործակցության բազմոլորտ օրակարգ մշակելու համար։

Մակունցը առանձին հանդիպում է ունեցել նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանի հետ, որի ընթացքում ուրվագծվեցին երկկողմ աշխատանքներն առաջ մղելու հնարավորությունները:

Նույն օրը Մակունցը հանդիպել է նաև Լոս Անջելեսի ոստիկանապետի տեղակալ Դանիել Ռանդոլֆի հետ: Նա զրուցակցին է ներկայացրել Ներքին գործերի նախարարությունում բարեփոխումների հիմնական ուղղությունները, փոխանցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի նամակն՝ ուղղված Լոս Անջելեսի ոստիկանապետին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ սկսել հատկապես կրթական, փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով: