4 մարտի 2024 - 10:44 AMT
Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախբանկի գլխամասի շենքը, թիրախում է նաև Ստեփանակերտի Մայր տաճարը

Ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախբանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը։ Դա տեսանելի է ադրբեջանական սոցցանցերում հրապարակված տեսանյութից, հայտնում է Հայքի մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

«Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել և յուրացնել ոչ միայն բռնազավթված Արցախի մշակութային ժառանգությունը, այլև պետական և մասնավոր կառույցների շենքերը։ Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակված հերթական տեսանյութից երևում է, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախբանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում են Արցախի Ազգային ժողովի շենքը»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել նաև Ստեփանակերտի Աստվածամոր սբ Հովանի Մայր տաճարը։ Այդ մասին նույնպես ահազանգել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունն իրականացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, 2019թ. ապրիլի 7-ին։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։