4 մարտի 2024 - 12:55 AMT
Աբրահամյան. Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց»՝ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին ՀՀ հետ հարաբերությունների մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա:

«Եվ այսպես, ինչպես և կանխատեսելի էր, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Փաշինյանի ՀԱՊԿ-ում գործունեության սառեցման վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի մնում է՞, թե՞ հեռանում:

Իհարկե այդ համատեքստում ՌԴ պաշտոնյան անուղղակի «տեղյակ պահեց», որ չմնալն ու, առհասարակ, ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա:

Ենթադրաբար դա նշանակում է ՌԴ-ի` ՀՀ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայումներ, ինչը նշանակում է քաղաքական, ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական:

Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունն այս դիսկուրսը նոր է ծավալում կամ դրա մեջ լրջություն դնում, հարցն այն է, որ ՌԴ-ն փորձում է վերջնականացնել հաշիվները` հասկանալու, թե սա սովորական շանտա՞ժ է, թե Հայաստանի նոր ընթացքը դեպի ԵՄ:

ՌԴ-ն սա անում է, որպեսզի հետագայում իր կոշտ հակազդեցությունը ՀՀ-ում և արտաքին աշխարհում ամբողջությամբ լինի ընկալելի, իսկ թե դրանք ի՞նչ հետևանքներ կունենան և ի՞նչ ծավալով կլինի, կախված է իրադարձությունների ընթացքից:

Ի՞նչ կանի այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը: Այո´, կգնա ամենավատ ճանապարհով` ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում»,–ասվում է գրառման մեջ։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։

Լավրովը նաև ասել է, որ ՀՀ կողմից Ռուսաստանի հետ մերձեցումն ի սկզբանե սխալ համարելու վերաբերյալ հայտարարությունը կարող է հանգեցնել երկկողմ հարաբերությունների վերանայմանը։ Նա նաև ասել է, որ Երևանը «գիտակցված որոշում է» կայացրել՝ վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։