ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր) ստացել է գրություն, ըստ որի Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):
Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից ԵԱՏՄ անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողությունից» փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»։
Սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է: ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները:
Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ընկերությունում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, խախտումներ չեն հայտնաբերվել:
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից արտահանված ձկնկիթում «խախտումների հայտնաբերման» մասին։ Ըստ այդմ, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և սառեցված ձկնկիթի մատակարարումները: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։