6 մարտի 2024 - 15:38 AMT
Պեսկով․ Ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու վերաբերյալ որոշում, որքան հասկանում ենք, չկա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին հայտնի չէ ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու վերաբերյալ որևէ որոշման մասին, աշխատանք է գնում բոլոր ուղղություններով։

«Ինչ վերաբերում է ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանում, ապա, որքան հասկանում ենք, որևէ որոշում այդ հարցում չի եղել։ Եվ պաշտոնական ալիքներով ևս մեզ ոչ ոք նման որոշման մասին չի հայտնել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով և ԱՊՀ, և ԵԱՏՄ կառույցների շրջանակում, և երկկողմ մակարդակում»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Պեսկովը հավելել է, որ հիմա ՌԴ–ն ու ՀՀ–ն «մի շարք կարևոր նախագծեր են իրականացնում»։

«Կիրականացնենք դրանք հետագայում ևս»,–ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին անհանգստացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ։ Այդ մասին մարտի 1–ին ԱԺ ճեպրազրույցների ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Այո՛, մեզ այդ հարցը անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, երբ որոշումներ կլինեն, կիմանանք բոլորս»,-ասել է նա։

Ավելի վաղ ռուս սահմանապահների ներկայությանը «Զվարթնոց» օդանավակայանում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անհանգստացած է Հայաստանում ՌԴ զինվորականների կողմից ռուսաստանցի դասալիք Դիմիտրի Սետրակովի առևանգման փաստով։

Photo. Reuters