6 մարտի 2024 - 16:49 AMT
Պեսկով․ Հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ գործակցությունից և ԵԱՏՄ–ին անդամությունից

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ գործակցությունից և ԵԱՏՄ–ին անդամությունից, քանի որ աճում է ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային ծառայությունները, ֆինանսական ոլորտը։

Նա նշել է, որ Ռուսաստանը դեմ է իր գործընկերներին որևէ բան թելադրելուն և կողմ է, որ «միասին դառնան ավելի հարուստ և երջանիկ», գրում է ՏԱՍՍ–ը։

«Մենք դեմ ենք որևէ մեկին ինչ–որ բան թելադրելուն։ Մենք կողմ ենք, որ միասին վաստակենք, դառնանք ավելի երջանիկ ու հարուստ։ Մենք վստահ ենք, որ մեր հայ բարեկամները ևս դա հասկանում են»,–ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից ամենադինամիկ զարգացողն է, քանի որ 2023–ին նրա ՀՆԱ աճը կազմել է 15%։

«Սա նույնիսկ համաշխարհային չափանիշներով կարելի է ասել, որ Հայաստանը առաջատարներից է»,–ասել է Պեսկովը՝ հավելելով, որ դա մասնակիորեն տեղի է ունենում նաև ՌԴ հետ «շատ սերտ համագործակցության շնորհիվ»։

Ընթերցեք նաև․ Պեսկով․ Ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հանելու վերաբերյալ որոշում, որքան հասկանում ենք, չկա