7 մարտի 2024 - 10:37 AMT
Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը կանցկացվի Ջերմուկում

Համահայկական ձմեռային 2–րդ խաղերի բացման արարողությունը կանցկացվի Ջերմուկում:

Մարտի 6–ին աշխատանքային այցով Ջերմուկ էր վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը և կազմկոմիտեի անդամները շրջայց են կատարել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում: Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում:

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կազմկոմիտեի անդամները քննարկել են նաև խաղերի անցկացման օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել նախապատրաստական աշխատանքներին վերաբերող այլ հարցերի շուրջ:

Համահայկական ձմեռային առաջին խաղերն անցկացվել են 2014-ին Ծաղկաձորում և Երևանում: