7 մարտի 2024 - 18:30 AMT
Սահմանին հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչները

Մարտի 7-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման հարցերի շուրջ և սկսել են պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, ինչպես նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: