9 մարտի 2024 - 10:34 AMT
Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ–ին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ երկրի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը:

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»,- ասել է Էստոնիայի ԱԳ նախարարը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Ալեն Սիմոնյանն ասել է․ «Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:

Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև՝ իրավիճակն Արևելյան Եվրոպայում:

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։