9 մարտի 2024 - 15:35 AMT
Եվրախորհրդարանում կկայանա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով համաժողով

Եվրախորհրդարանում տեղի կունենա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով համաժողով: Այդ մասին հայտնել են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից, տեղեկանցում է Արմենպրեսը։

Մարտի 19-ին Եվրախորհրդարանում տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։

Համաժողովը տեղցի կունենա Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ։

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։