12 մարտի 2024 - 17:42 AMT
Ղազախստանի նախագահ Տոկաևն Ալիևի հետ Շուշի է այցելել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելել են 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի:

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներին է ներկայացվել քաղաքի գլխավոր հատակագիծը, գրում է APA-ն։

Նրանք նաև այցելել են մզկիթ, «Հեյդար Ալիևը և Ղարաբաղը» ցուցահանդես։

Այցի շրջանակում, Բաքվում, Տոկաևն ասել է, որ «ղազախ ժողովուրդը մեծ ուրախություն է ապրել Ադրբեջանի պատմական հաղթանակի կապակցությամբ»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։