14 մարտի 2024 - 13:30 AMT
ԵԽ բանաձևում անդրադարձ կա նաև ԼՂ մշակութային ժառանգությանն ու արցախցիների անվտանգ վերադարձի ապահովմանը

Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կարևորությանը և լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու և պղծվելու առնչությամբ։

Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Բանաձևը Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի` ադրբեջանական կալանքի տակ գտնվող բոլոր բնակիչներին։ Ինչպես նաև կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։

ԵվրախորհրդարանԸ մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։

Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։