14 մարտի 2024 - 13:49 AMT
ԵԽ բանաձև․ Ժամանակն է վիզաների ազատականացման երկխոսություն սկսել ՀՀ հետ

Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևում, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը, ասվում է նաև, որ ժամանակն է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսել։

Բանաձևում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ողջունում և ընդունում են ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելուն միտված Հայաստանի վճռական ցանկությունը ու կոչ անում Եվրամիության գործադիր մարմիններ Եվրոպական Հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին՝ դրական արձագանքել այս ցանկությանը ու շարունակել իրականացնել ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր համաձայնեցված օրակարգը՝ ընդգծելով համագործակցության հավակնոտ համատեղ առաջնահերթությունների ակտիվ հետապնդման անհրաժեշտությունը, հայտնում է Արմենպրեսը։

ԵԽ պատգամավորները ընդունված բանաձևով ԵՄ գործադիրին կոչ են անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության մեծացման հարցում, ոչ միայն տնտեսական գործընկերության, այլեւ քաղաքական երկխոսության, ոլորտային ինտեգրման եւ անվտանգության ոլորտում համագործակցութան հարցում։

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։

Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։