15 մարտի 2024 - 10:54 AMT
Ստանո․ ՀՀ-ն կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար, հայտնում է «Իզվեստիան»։

«Երկրները իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովրդի համար ավելի լավ ապագայի։ Նրանք ազատ են որոշման կայացնելու մեջ՝ թե ինչպես ապահովել այդ ապագան։ Ինչ վերաբերում է ԵՄ–ին անդամակցելուն, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ նրա ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշեն, ուզում են արդյոք ԵՄ–ին անդամակցելու հայտ ներկայացնել»,–ասել է Ստանոն։

Նա հիշեցրել է, որ որ հենց որ այս կամ այն երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն դիտարկվում է անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են ընդունում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա:

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։

Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։