7 մայիսի 2009 - 19:28 AMT
«Արեւելյան գործընկերությունը» պետք է անդրադառնա Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներին
«Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը պետք է անդրադառնա Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներին, եւ ոչ թե միայն տնտեսական ոլորտին: Հակառակ դեպքում այդ նախագծի արդյունքներն այնքան նվազագույն կլինեն, ինչպիսին եղան ԵՄ նախորդ ծրագրերի արդյունքները: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: «Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ նախաձեռնությունն ազդեցություն ունենա Հայաստանի հասարակական կյանքի տարբեր ինստիտուտների վրա: Մեր երկիրը պետք է առավելագույն չափով օգտագործի այդ նախագծերը, քանի որ նրանք լուրջ հնարավորություններ են ընձեռում տարածաշրջանային խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Սաֆարյանը:
Մայիսի 7-ին Պրահայում բացվել է Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթաժողովը: Ծրագիրը հաստատվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին եւ ընդգրկում է 6 հետխորհրդային երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելոռուս: