15 մարտի 2024 - 17:05 AMT
Ադրբեջանցիներն ավերել են արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիրը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղի՝ արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, այդտեղից անհետացել է 1224 թ․ արձանագիր խաչքարը։ Այդ մասին ասվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։

«Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է»,–ասվում է հրապարակման մեջ։

Խաչքարային մշակույթը հայկական պատմամշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորումներից է, որի կերտման արվեստն ու խորհրդաբանությունը դեռևս 2010 թ․ արժևորվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում։