18 մարտի 2024 - 12:24 AMT
Ադրբեջանցիներն Արցախում ավերել են ազատամարտիկների հիշատակի հուշահամալիրը

Ամբողջապես հայաթափված Արցախում ադրբեջանցի վանդալները շարունակում են ոչնչացնել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները և հուշարձանները։

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում այս անգամ էլ հայտնվեց Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հայկ Ավանեսովը։

Հուշարձանների բացումը տեղի էր ունեցել 2016 թ.-սեպտեմբերի 7-ին։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։