19 մարտի 2024 - 12:23 AMT
Ստանո․ ԵՄ ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

ԵՄ անդամ 27 երկրի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

Նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում ասել է, որ արտգործնախարարները նիստին վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նա հիշեցրել է նոյեմբերին կայացած նիստի արդյունքներով հայտարարված բոլոր տարրերը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի աշխատանքներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորմանը։

ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար: