19 մարտի 2024 - 18:53 AMT
ԿԲ․ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ գործակցել

Կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ։

Նշվում է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել։

«Կենտրոնական բանկը բազմաթիվ հարցումներ է ստանում ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, ինչի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված:

Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024–ի մարտի 30-ից այլևս չեն գործի Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում: Բացառություն կլինի միայն «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ենթակառուցվածքը։ Այդ մասին ՌԲԿ–ին հայտնել էր ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՌԲԿ–ի աղբյուրը ՌԴ վճարային շուկայում։