20 մարտի 2024 - 17:09 AMT
Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին․Սեփական բնակչությանը վախեցնելն արդյունքի հասնելու լավագույն միջոցը չէ

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տավուշում արված հայտարարությունն Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին, ճեպազրույցում ասել է, որ սեփական բնակչությանը վախեցնելն արդյունքի հասնելու լավագույն միջոցը չէ։

«Դժվար թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանի համար նպաստավոր արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։ Պետք է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական ձևով», - ասել է Զախարովան։

Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները պետք է իրենք կրեն պատասխանատվությունն այն քայլերի և որոշումների համար, որոնք «ընդունվում են արևմտյան գործընկերների ազդեցության ներքո», գրում է ՏԱՍՍ–ը։

«Ցանկալի է, որ Արևմուտքի ազդեցության տակ իրենց բոլոր քայլերի համար պատասխանատվություն կրեն բացառապես նրանք, ովքեր Երևանում որոշում են կայացնում։ Ռուսաստանի հետ դա ոչ մի կապ չունի», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան հավելել է, որ ռուսական կողմի հետ ոչ մի խոհրդակցություն, ոչ մի շփում այդ հարցով չի եղել։

«Դա բացառապես այն է, ինչ որոշել է ՀՀ ղեկավարությունն Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքում»,–ասել է նա։

Զախարովան նաև ասել է, որ նման հարցերի լուծման մեխանիզմը կա՝ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք պատրաստ ենք օգնել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով մեր փորձը։ Աշխատանքը պետք է իրականացվի այդ կառույցի շրջանակում՝ վերը նշված սկզբունքների հիման վրա», - ասել է Զախարովան։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ըստ այդմ, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային եւ հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն:

Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։