21 մարտի 2024 - 15:21 AMT
Ֆրանսիայի վարչապետ․ ՌԴ-ն ուզում է պատժել ՀՀ-ին

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին խաղաղությանը ձգտելու, իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, այն սկզբունքների համար, որոնք Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»։ Այդ մասին նա ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքի ժամանակ, գրում է Le Figaro-ն։

Նա հավելել է, որ Ռուսաստանը «ցանկանում է պատժել Հայաստանին, որը միացել է Միջազգային քրեական դատարանին, անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու համար»։

Գաբրիել Աթալը նաև քննադատել է «Ռուսաստանի ինքնագոհ պահվածքը», որը չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ մինչև նախորդ տարեվերջ հայ բնակչությունը մեծամասնություն էր կազմում, և «փաստացի հավանություն տվեց» դրան։

«Այսպես կոչված ռուս խաղաղապահ ուժերը թույլ տվեցին, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ լինի»,–ասել է նա։

«Այսօրվա խնդիրը Հայաստանին օգնելն է՝ պաշտպանելու իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքն ու ինքնիշխանությունը»,–ասել է Ֆրանսիայի վարչապետը։

Աթալը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է «հետ քաշի իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից»՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է խոստովանել, որ «որ ադրբեջանական ուժերը մի քանի կետերով առաջ են գնացել Հայաստանի տարածքում»։

Հայաստանն ու Ֆրանսիան 2023–ին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և պահանջ է պարունակում հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքների վերաբերյալ։