22 մարտի 2024 - 11:07 AMT
Պետրակով․ Հավաքականին պետք են խաղացողներ, որոնք կուժեղացնեն թիմը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հետ ընկերական խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ թիմին անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, որոնք կուժեղացնեն թիմը:

«Ազգային թիմը փորձարկումների համար չէ: Այո, այս պահին չկան խաղացողներ, որ կարող են ուժեղացնել հավաքականը: Եթե ցանկանում եք՝ ասեմ, թե շատ տաղանդավոր ու փառահեղ խաղացողներ ունեք, այդպես էլ ասեմ: Ամեն դեպքում, պետք է ճիշտը ասել: Չեմ ցանկանում նեղացնել որևէ մեկին, բայց անհրաժեշտ են այնպիսի խաղացողներ, որոնք կուժեղացնեն թիմը»,–ասել է նա, հայտնում է ArmSport–ը:

Անդրադառնալով երիտասարդներին փորձարկելու մասին հարցին՝ Պետրակովն ասել է, որ Էդգար Փիլոյանը Մ21 տարեկանների կազմում կարմիր քարտ է ստացել, այդ իսկ պատճառով միացել է մարզումային գործընթացին:

«Խաղը ցույց կտա՝ արդյոք կփորձարկե՞նք իրենց»,–ասել է նա:

Մարզիչը խոսել է նաև նորեկների մասին։

«Պիզելիի միջոցով կապ ենք հաստատել բրազիլական «Գրեմիոյի» դարպասապահի՝ Արթուր Կոնեղլյանի հետ, բայց նա հրաժարվել է միանալ Հայաստանի հավաքականին: Բոլորին դիտարկում ենք, ամեն դեպքում այդ աշխարհամասից ֆուտբոլիստների հրավիրելը ցանկալի չէ, գոնե այն պատճառով, որ այդքան երկար ճանապարհներից հետո ֆուտբոլիստները գալիս և զուտ ֆիզիկապես ցանկանում են 3-4 օր հանգստանալ, քնել»,–ասել է նա։

Խոսելով Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի մասին՝ Պետրակովնը խորհուրդ է տվել սպասել մինչև նոյեմբեր, երբ ավարտվում է իր պայամանգիրը։

«Եթե հնարավոր է՝ դիմացեք մինչև նոյեմբեր ամիս։ Իմ պայմանագիրը կավարտվի։ Նրանց վերադարձն էլ շատ հաղթական կլինի՝ տոնախմբություններ, հրավառություններ, զվարճանքներ»,–ասել է նա։

Խոսելով Կոսովոյի հավաքականի և մարտի 22–ի խաղի մասին՝ Պետրակովն ասել է, որ Կոսովոն լավ թիմ ունի, բոլոր տղաները խաղում են եվրոպական լավ թիմերում:

«Արդյոք անակնկալներ կլինե՞ն: Կարծում եմ՝ անակնկալներ չեն լինի: Ես երիտասարդ մարզիչ չեմ, որ հնարավոր լինի ինձ անակնկալի բերել: Առաջին իսկ 10 րոպեի ընթացքում կհասկանամ, թե ինչպես են մտադիր խաղալ:

Չանչարևիչին հարցրել եմ Կոսովոյից, բնակչությունից, խաղացողներից: Շատ պինդ ու ամուր թիմ են: Գլխով են հիանալի խաղում, պաշտպանական գիծն է ինձ շատ դուր գալիս: Շատ լավ խաղացողներ ունեն, որոնք խաղում են եվրոպական առաջատար առաջնություններում: Շատ ցանկալի կլիներ հասնել դրական արդյունքի վաղվա խաղում: Սա ֆուտբոլ է, ու պետք է խնդիր լուծել»,–ասել է մարզիչը։