22 մարտի 2024 - 11:48 AMT
Փաշինյանն ու Չինաստանի փոխվարչապետը քննարկել են ՀՀ-Չինաստան տնտեսական գործակցության հարցեր

Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։