Ոստիկանության Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նշվում է, որ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին։
Մարտի 24–ին ժամը 17։00-ի սահմաններում 3 հոգի փորձել է ներխուժել ոստիկանության Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենք՝ հայտարարելով, որ նռնակ կպայթեցնեն։ Կոնկրետ պահանջներ չեն հնչել։ Նռնակը գործադրվել է, որից տուժել են հենց ներխուժողները։