Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Կոբախիձեին ուղեկցում էին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Կոբախիձեն Հայաստանում է պաշտոնական այցով։
Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։