26 մարտի 2024 - 17:06 AMT
ՊԵԿ. Հարկային պարտավորությունները կներվեն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023-ի հոկտեմբերի 25-ին ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարման հիմքերը:

Մասնավորապես, ի թիվս դադարման այլ հիմքերի, նախատեսվում է, որ․

անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Հարկային Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի.

կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի:

Կոմիտեն հայտնում է, որ փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմնի կողմից կնախաձեռնվի վերոնշյալ հիմքերով հարկային պարտավորությունների դադարեցման գործընթաց: