26 մարտի 2024 - 17:57 AMT
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը

Բիզնես-բուհ կապն ամրապնդելու նպատակով Team Systems-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ անցկացրել է «Կանաչ էներգիա և խելացի տեխնոլոգիաներ» խորագրով երկօրյա աշխատաժողով և հաքաթոն։

Ավելի քան 40 ուսանող ծանոթացել է էներգախնայող խելացի համակարգերին, լսել դասախոսություններ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրատեխնիկական համակարգերի, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների և շենքերի ավտոմատացման թեմաներով:

Հաքաթոնի ընթացքում ուսանողները Team Systems ընկերության առաջատար մասնագետների մենթորությամբ պատրաստել են խելացի նախագծեր ՀԱՊՀ ենթակառուցվածքների համար, որոնցից լավագույնները կկիրառվեն ապագայում:

Կարևորելով մասնավոր-բուհ համագործակցությունը՝ սմարթ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը նշել է, որ այսպիսի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ ու իրենց թիմը պատրաստվում է ուսանողների հետ պարբերաբար կիսվել գիտելիքներով ու փորձով։

Այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնել նորարարական մտածելակերպ և առաջարկել լուծումներ իրական խնդիրներ լուծելու համար:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, ուսանողները, նմանօրինակ ծրագրերի մասնակցելով, ձևավորում են ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ: