7 մայիսի 2009 - 22:56 AMT
ՄԱԳԱՏԷ-ն հոգ է տանում շրջակա միջավայրի վերականգնման մասին
2009թ. մայիսի 18-22-ը, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի նախաձեռնությամբ, «Ռադիոակտիվ նյութերի մնացորդներով վարակված հողերի առողջացման հարցերին» նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի կունենա Աստանայում: Խորհրդաժողովը նվիրված է միջուկային փորձարկումների դադարեցմանը Սեմիպալատինսկում:

Խորհրդաժողովի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ռադիոակտիվ աղտոտումից տուժած շրջակա միջավայրի վերականգնման խնդրին: Խորհրդաժողովի ընթացքում տեղի կունենա բաց բանավեճ ամենազգայուն հարցերի շուրջ, որոնք կապված են միջուկային զենքի կիրառման, ԱԷԿ-ների վթարների եւ աղետների արդյունքում ռադիոակտիվ աղտոտումից տուժած շրջանների վերականգնման հետ:

Խորհրդաժողովին կմասնակցի 59 երկիր, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ՄԱԳԱՏԷ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի միջազգային գիտատեխնիկական կենտրոնի) ներկայացուցիչներ: Ազգային պատվիրակությունների մասնակցությունը հայտարարված է նախարարների, պատգամավորների, ազգային եւ տրանսազգային ընկերությունների թոփ-մենեջերների, Ղազախստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մակարդակով: